«Երիտասարդները մեր գործընկերներն են, ոչ թե շահառուները»
«Այս միջոցառման ընթացքում ձեռք բերված գիտելիքները հնարավորություն տվեցին մեր գաղափարները դարձնել նախագծեր և Գորիս համայնքում բացահայտված խնդիրների լուծման համար նորարարական մեթոդներ գտնել»,-ասում է «Մասնակցային ժողովրդավարություն, քաղաքացիական և համայնքային ակտիվություն» թեմայով եռօրյա աշխատաժողովի մասնակից, Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Մոնիկա Զիլֆուղարյանը։ Բացի գաղափարը նախագիծ դարձնելու գործընթացից Մոնիկան, ինչպես նաև Գորիս խոշորացված համայնքի ավելի քան 25 երիտասարդ Աղվերանում կազմակերպված եռօրյա դասընթացի ընթացքում ստացան հիմնարար գիտելիքներ՝ ժողովրդավարության, «լավ» կառավարման, տեղական ինքնակառավարման գործընթացում քաղաքացիների մասնակցության մեխանիզմների և սկզբունքների վերաբերյալ։
Ոլորտի փորձառու դասընթացավարները մասնակիցներին ներկայացրեցին քաղաքացիական խնդիրների բացահայտման և լուծման ռազմավարությունները, քաղաքացիական ակտիվության կարևորությունն ու հաջող արշավների օրինակներ։
Գործնական աշխատանքների շնորհիվ երիտասարդները հնարավորություն ունեցան որոշելու համայնքի բացահայտված խնդիրների առաջնահերթությունները՝ հիմնված հրատապության և ազդեցության վրա, քննարկելու կոնկրետ օրինակներն ու դրանց ուսումնասիրման և մոդելավորման մեխանիզները։
Աշխատարանին ներկա էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը, ով ողջունեց երիտասարդներին մասնակցությունն ու ներգրավվածությունը համայնքի զարգացման գործընթացում, ինչպես նաև նրանց կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները։
«Մենք երիտասարդներին դիտարկում ենք ոչ թե շահառուներ, այլ գործընկերներ․ ինչպես այս, այնպես էլ «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում մի շարք այլ նախաձեռնությունների ձևաչափն ու բովանդակությունը մշակվում է նրանց հետ համատեղ։ Մենք լսում ենք նրանց կարիքներն ու ցանկությունները և համատեղ մշակում իրականացման ողջ գործընթացը»,- ասաց ծրագրի ղեկավար Անահիտ Բաղդասարյանը։
***
Սույն աշխատաժողովը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ»-ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։