Հանրային քննարկում՝ Գորիսի զարգացման ճանապարհային քարտեզի մշակման համար

«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակներում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն կազմակերպել էր Գորիս խոշորացված համայնքի տեսլականի մշակման հանրային քննարկում։

Միջոցառման նպատակն էր համայնքի դերակատարների հետ քննարկել ոլորտային խնդիրները, զարգացման ուղիներն ու լուծման հնարավոր տարբերակները,  մատնանշելով, թե ինչպիսին են պատկերացնում Գորիսի վաղվա օրը։

Աշխատելով աշխատանքային տարբեր խմբերում՝ կրթություն, մշակույթ, սոցիալական, հանրային տարածք, գյուղատնտեսություն, տնտեսություն, հանրային մասնակցություն, քաղաքացիական հասարակություն, բազմաբնակավայր Գորիս համայնքի բոլոր բնակավայրերի մոտ հարյուր ներկայացուցիչ, քննարկման ընթացքում խոսեցին համայնքում առկա մարտահրավերների մասին,  միաժամանակ նշելով դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկություններ, նախաձեռնություններ, որոնց շնորհիվ կբարձրանա Գորիսի դիմակայունությունը, և համայնքը զարգացման նոր փուլ կթևակոխի։

Քննարկմանը մասնակցում էին նաև ոլորտային փորձագետներ, ովքեր կաջակցեն ծրագրային թիմին՝ առաջարկությունները փաստաթղթավորելու, ծրագրի շրջանակում իրականացվող գործողությունները պլանավորելու, առաջիկայում հայտարարվող դրամաշնորհների թեմատիկան մշակման գործում։

Սույն միջոցառումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ»-ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։