«Շտապ օգնություն՝ գործողություններ և խնամք» թեմայով վերապատրաստումներ Գորիսում

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն, համագործակցելով Սանտե Արմենի (Santé Arménie) ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամի հետ, հուլիսից սկսել է քաղաքացիական անձանց համար նախատեսված վերապատրաստումների շարք՝ «Շտապ օգնություն՝ գործողություններ և խնամք» թեմայով։

Այս ծրագրի շրջանակում կազմակերպվել է վեց դասընթաց, որոնց մասնակցել է երկու հարյուրից ավելի մարդ։ Դասընթացներն անցկացվել են  տեղի են ունեցել տարբեր վայրերում՝ Գորիսի մամուլի ակումբում,  Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում, Գորիսի պետական քոլեջում, Խնձորեսկի մշակույթի տանը, Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում և Քարահունջի երիտասարդական կենտրոնում։

Վերապատրաստումների ընթացքում մասնակիցներին ներկայացվել են առաջին օգնության հիմնական սկզբունքները՝ թե ինչպես ճիշտ և արդյունավետ արձագանքել տարբեր իրավիճակներում՝ մինչև շտապ օգնության մեքենայի ժամանումը։ Վերապատրաստումների ընթացքում  մասնակիցները կատարել են տեսական, գործնական վարժություններ։

Դասընթացների ավարտին մասնակիցներին տրվել են վկայականներ։

Համագործակցությունը կշարունակվի 2025 թվականի փետրվարից՝ ընդգրկելով նոր մասնակիցների։ Այն նախատեսվում է կազմակերպել նաև այլ համայնքներում՝ խորացնելով մարդկանց իրազեկվածությունը և պատրաստակամությունն առաջին օգնություն ցուցաբերելու հարցում։

Այս դասընթացները կարևոր քայլ են մարդկանց՝ արագ արձագանքման հմտությունները զարգացնելու առումով, որոնք հաճախ կարող են ճակատագրական լինել մարդկանց կյանքը փրկելու համար։

«Գորիսի մամուլի ակումբը» բարձր է գնահատում «Սանտե Արմենի» (Santé Arménie) Ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամի հետ  համագործակցությունը և այն ջանքերը, որոնք ուղղվում են արտակարգ իրավիճակներում մարդկանց  առողջության պահպանմանն աջակցելու համար։ Առանձնահատուկ կարևորում ենք հիմնադրամի հմուտ մասնագետ, Սյունիքի մարզի համակարգող և շտապ օգնության թիմի հրահանգիչ Հակոբ Խաչյանի  ներդրումը, ով  անցկացրել է նշված ուսուցումները։