Երկխոսության հարթակ՝ Գորիս համայնքի տարբեր դերակատարների միջև
«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում Գորիսի մամուլի ակումբը Ջերմուկում կազմակերպել էր «Գորիս համայնքի մասնակցային զարգացման հեռանկարը․ հանրային և մասնավոր հատվածի համագործակցություն» թեմայով քննարկում, որին մասնակցել են Սյունիքի մարզային, Գորիսի համայնքային իշխանությունների, քաղհասարակության, բիզնեսի ներկայացուցիչներ։ Նշված ոլորտներում արդեն իսկ ձեռքբերված փորձի ներկայացմանը զուգահեռ, քննարկվեցին նոր հնարավորություններ, ձևաչափեր, որոնք հնարավորություն կընձեռեն հատկապես ճգնաժամային իրավիճակում մեկտեղելու համայնքի ռեսուրսները։
Բիզնես ոլորտի ներկայացուցիչները նշեցին, որ կարևոր են այդպիսի հարթակները, որոնք հնարավորություն կտան գտնել համայնքային խնդիրների լուծումներ, որոնք շահավետ կլինեն և՛ բիզնեսի, և՛ հասարակության, և՛ պետության համար, և իրենք պատրաստակամ ե ակտիվ ներգրավվել այդ ուղղությամբ նախաձեռնված երկխոսությանը, որը կարող է նպաստել սոցիալական պատասխանատվության ապահովմանը։
Քննարկվեցին նաև այլ հարցեր, որոնք վերաբերում էին քաղհասարակության և բիզնեսի համագործակցության ավանդույթի ձևավորմանը, բիզնեսի կողմից աշխատակիցների համար ներառականության ապահովմանը, ՏԻՄ, մասնավոր հատվածի, քաղհասարակության միջև տեղեկատվության փոխանակմանը՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում համատեղ գործողությունների պլանի մշակման համար։ Առանձնապես նշվեց մշակույթի ոլորտում մեկենասության ներդրման մասին։ Մասնակիցները խոսեցին նաև բիզնես ոլորտում մարդկանց շահերի պաշտպանության նախաձեռնությունների, արտակարգ իրավիճակներում բիզնեսի համար ռազմավարության մշակման և այլ հարցերի մասին։ Առաջարկություն եղավ քարտեզագրել տարբեր ոլորտների մարտահրավերները՝ նույնականացնելով երկրում առկա մարտահրավերների հետ, նշելով նաև տեղական առանձնահատկությունները։
Աշխատաժողվի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոն/ CIPE-ի ի փորձին․ կազմակերպության ներկայացուցիչ Արմինե Դաթվյանը ներկայացրեց CIPE-ի դերը բիզնեսի աջակցության, ակտիվացման, շահերի պաշտպանության գործում։
«Մեղր ու Բույս» թեյարանի հիմնադիր Արտուշ Եղիազարյանը պատմեց որպես ստարտափ գաղափարից մինչև արդեն իսկ ճանաչում ունեցող և շահույթով աշխատող բիզնեսի ստեղծման պատմությունը, անցած ճաապարհը, դժվարություններն ու հաջողությունները, շեշտելով այդ գործում ավելի գլոբալ նպատակներ դնելու, դրանք վիզուալացնելու անհրաժեշտությունը։
Քննարկման մոդերատոր, փորձագետ Հայկուհի Գևորգյանն, ամփոփելով մասնակիցների՝ World Cafe՛ ձևաչափով խմբային աշխատանքների արդյունքները, ներկայացրեց համայնքի զարգացման գործում թիրախ ոլորտների համար կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ առաջարկությունները, շեշտելով, որ դրանք իրագործելու հիմնական պայմաններից մեկը երկխոսության շարունակության ապահովումն է։