Օնլայն տիրույթում նոր հասցե` «Զանգեզուր» թերթ

«Զանգեզուր» թերթը տարածաշրջանի պատմության տարբեր ժամանակաշրջանները միմյանց հետ փոխկապակցող բացառիկ ռեսուրս է։ Սկսած տպագրվելու առաջին օրից՝ 1934թ. դեկտեմբերի 5-ից, տարբեր անուններով՝ «Կարմիր Զանգեզուր», «Ստալինյան դրոշով», «Որոտան», թերթը վավերագրել է տարածաշրջանի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքը։

Տասնամյակներ շարունակ արճճային, իսկ 1998թ․-ից համակարգչային տպագրությամբ հրատարակվող «Զանգեզուրը» կարևոր դեր է ունեցել Գորիսի, Տաթևի, Տեղի շրջաններում․ շաբաթական երեք անգամ տպագրվող թերթի էջերում տեղ են գտել հասարակական, քաղաքական կյանքի, տնտեսական ցուցանիշերի, իրադարձային նորությունների, մարդկանց, նաև միջազգային անցուդարձի մասին պատմող տարբեր ժանրերի հոդվածներ, ռեպորտաժներ, ակնարկներ։ Պատմական տեսանկյունից անգնահատելի են ժողովրդագրական տեղեկությունները, այլևս միակ աղբյուր հանդիսացող լուսանկարները, այսօր մեծ հնչեղություն ունեցող և շատ իրադարձությունների մեկնաբանման համար արժեքավոր փաստեր։

Այդ տեղեկությունների պահպանման, հանրայնացման, հասանելիության ապահովման համար «Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից նախաձեռնել է թերթի արխիվի թվայնացումը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին։ Մեկ տարվա ծավալուն աշխատանքներից հետո համացանցում թերթի մոտ 70 հազար էջերն այլևս հասանելի են բոլորի համար։

Հիմնադրամի ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց, որ թվայնացված արխիվի նշանակությունը դուրս է Գորիսից, և արժեքավոր ռեսուրս է մեր երկրի տարբեր ոլորտների ուսումնասիրությունների համար։

«Զանգեզուր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի խոսքով թերթը Հայաստանի հասարակական-քաղաքական տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող ամփոփ հանրագիտարան է, որը պատմագրելը դյուրին չի եղել ստեղծագործական թիմերի համար։ Նա առանձնահատուկ նշեց խորհրդային կարգերի ավարտի և նորանկախ Հայաստանի կայացման ճանապարհի մասին, շեշտելով, որ դրանք հաճախ ուղեկցվում էին գաղափարական սուր ընդհարումներով։ Նա անդրադարձավ այն դժվարություններին, որոնք կրել է թերթը մարզային մամուլի համար ճգնաժամային տարիներին, ասելով, որ այնուամենայնիվ, կարողացել են հաղթահարել, և երբևէ թերթի հրատարակումը չի ընդհատվել անգամ Արցախյան առաջին պատերազմի օրերին, երբ հրետակոծվում էր Գորիսի տարածաշրջանը։

Թերթի նամակների բաժնի վարիչ, լրագրող Ալվարդ Մեսրոպյանը հուզմունքով է պատմում այն երանելի տարիների մասին, որոնք կապված են «Զանգեզուր»-ի հետ։

«Զանգեզուր»-ի խմբագիր Գրետա Գրիգորյանն ափսոսանքով է նշում, որ թերթն այլևս չի հրատարակվում, բայց ըստ նրա, աներևակայելի ջանքեր են ներդրվել մինչև վերջին համարի տպագրությունը։

Տարածաշրջանի վավերագիր դարձած թերթի մասին ջերմ խոսքեր է ասում և թվայնացման առթիվ իր գոհունակությունը հայտնում նախկին ՀԿԿ շրջկոմի քարտուղար Սուրեն Վարդանյանը, ում կարծիքով մեծ պատասխանատվություն էր շրջանային թերթի հրատարակությունը կազմակերպելը, և տարիների ընթացքում ավելի ու ավելի են արժևորվում այն տեղեկությունները, որոնք այսօր կարող են լույս սփռել շատ հարցեր մեկնաբանելու համար։

Ակսել Բակունցի տուն թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանն անդրադառնում է Գորիսի մամուլի պատմությանը, ասելով, որ դեռևս 1900-ականներին Գորիսում տպագրվել է թերթ, որը չնայած կարճ կյանք է ունեցել, այնուամենայնիվ, նոր մշակույթ է բերել։

Էլմիրա Բալասանյանն, ով աշխատելով Գորիսի տեղական ռադիոյում, ներգրավված էր թերթի ստեղծագործական կյանքում, նշեց, որ «Զանգեզուրը»-ը իր կյանքի անբաժան մասն է համարում։

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Շահնազարյանը պատմեց, որ «Զանգեզուր»-ի արճճային տպագրությունից համակարգչային հրատարակության է փոխակերպվել, երբ ինքը թերթի խմբագիր էր, և անձնական պատասխանատվություն էր կրում արխիվը թվայնացնելու համար, որպեսզի հարյուրավոր մարդկանց ջանքերով թվագրված պատմությունն ավելի երկար կյանք ունենա։

Շնորհանդեսի մասնակիցները մեծ հետաքրքությամբ լսեցին «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Աննա Սահակյանին, ով ներկայացրեց թվայնացված արխիվի տեխնիկական հնարավորությունները։

Ջերմ խոսքեր հնչեցին նաև թվայնացման տեխնիկական աշխատանքներն իրականացնող երիտասարդ մասնագետներ Լևոն Ասատրյանի և Հակոբ Մկրտչյանի հասցեին։

***

Սույն հոդվածը պատրաստվել է Գորիսի մամուլի ակումբ ՀԿ-ի կողմից «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը։ Կայքում արտահայտված բովանդակությունը կարող է չհամընկնել Շվեդիայի կառավարության տեսակետների հետ։ «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։