«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագիր․ դրամաշնորհային ծրագրերի նկարագրություններ

«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհային մրցույթի առաջին փուլի արդյունքներով Գորիս համայնքի ինը հասարակական կազմակերպություն և նախաձեռնող երեք թիմ տարբեր ծրագրեր կիրականացնեն Գորիս համայնքի զարգացմանն աջակցելու համար։

Ստորև ներկայացված են դրամաշնորհային ծրագրերի նկարագրությունները․

Կազմակերպության անվանումը` «Գորիսի ավտոսիրողների ակումբ» երիտասարդական ՀԿ

Ծրագրի անվանումը` «Ապահով երթևեկություն, ապահով Գորիս»

Ծրագրի նպատակը. նպաստել ուղևորների և վարորդների ապահով երթևեկության խթանմանը Գորիս համայնքում` վարորդների կարողությունների լավարկման, հետիոտների իրազեկվածության բարձրացման և հանրային վերահսկողության միջոցով:

Խնդիրը/ենթանպատակը. զարգացնել անվտանգ երթևեկության մշակույթը Գորիս համայնքում: 

Նախատեսված գործողությունները. Քաղաքային երթևեկության խնդիրների լուծումն առաջնային է Գորիսի քաղաքացիների համար, քանի որ քաղաքի ճանապարհներն ըստ պատշաճի գծանշված չեն, չկան տեսախցիկներ կամ վերահսկողության որևէ այլ միջոցներ և, այսպիսով, վարորդների մեծամասնությունն ազատ վարում է` չհետևելով երթևեկության կանոններին, վտանգելով հետիոտների կյանքը: Այս խնդրի լուծման համար ծրագրի թիմը հանրային քննարկումներ է կազմակերպելու տեղական իշխանությունների, ճանապարհային ոստիկանության, ՔՀԿ ներկայացուցիչների, վարորդների և քաղաքացիների մասնակցությամբ` Գորիս քաղաքում անվտանգ երթևեկության հետ կապված մարտահրավերները մասնակցային եղանակով քարտեզագրելու նպատակով: Նախատեսվում է նաև քաղաքացիական մոնիթորինգի խմբերի հավաքագրում և վերապատրաստում` տեղում իրավիճակը մշտադիտարկելու, ռիսկերի և տարածված խախտումների մասին տեղեկություններ հավաքելու, ԼՂ-ից եկած կին փախստականների համար ավտովարման գործնական ուսուցում անցկացնելու և տեղի ճանապարհային ոստիկանությանն ու համայնքապետարանին երթևեկության անվտանգության միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Հանրային քննարկումից հետո Ծրագրի աշխատակիցները կհավաքագրեն քաղաքացիական մոնիթորինգի խմբեր, որոնք կդիտարկեն երթևեկության վիճակը նշված տեղերում: Մոնիթորինգի խումբը հավաքագրելիս (45 տեղացի վարորդ և հետիոտն, որոնք նախքան մոնիթորինգի կմասնակցեն վերապատրաստումների) հատուկ ուշադրություն կդարձվի ԼՂ-ից բռնի տեղահանված և Գորիս համայնքում ապաստան գտած առավելագույնը 15 կին/աղջիկ ներգրավելու հարցին (այս պահի դրությամբ մոտ 380 ընտանիք է գրանցվել Գորիս համայնքում։ Վերջին ճգնաժամը ցույց տվեց, թե որքան կարևոր է, որ կանայք ավտովարման հմտություններ ունենան ևծանոթ լինեն ճանապարհային երթևեկության կարգավորումներին): Քաղաքացիական մոնիթորինգի հավաքագրված խմբերը կմասնակցեն տեսական ուսուցման և ավտովարման գործնական պարապմունքների, կզարգացնեն անվտանգ ճանապարհային երթևեկության կանոնների, ճանապարհային նշանների, վարորդների և հետիոտների անվտանգության կանոնների և այլ հիմնարար տարրերի իմացությունը: Ծրագրի թիմը, համագործակցելով լիցենզավորված փորձագետների հետ, կանցկացնի վերապատրաստումները: Դրանք կպատրաստեն ակտիվ քաղաքացիների խմբեր` որոշակի ժամանակահատվածում նշված վայրերում երթևեկության վիճակը դիտարկելու համար: Այս գործողությունը կնպաստի  ապահով երթևեկության և ապահով միջավայրի մասին իրազեկմանը, քանի որ մոնիթորինգային խմբերը կարձանագրեն տարածված խախտումները, կքննարկեն ամենախոցելի քաղաքացիներին (այդ թվում` դպրոցահասակ երեխաներ, անչափահասների ծնողներ, քաղաքի այցելուներ և այլն) սպառնացող տարածված ռիսկերը:

Մոնիթորինգի արդյունքները հիմք կծառայեն առաջարկությունների փաթեթի մշակման համար, որը կներկայացվի ճանապարհային ոստիկանություն և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներին` ճանապարհային անվտանգությունը և հարակից ենթակառուցվածքները (օր.` գծանշումներ և նշաններ, կամ դպրոցներում ճանապարհային ոստիկանության կողմից անցկացվող վերապատրաստումներ և այլն)  կանոնակարգելու և բարելավելու գործընթացին օգնելու համար: Այս ծրագրի շնորհիվ «Ավտոսիրողների ակումբը» կկիսվի իր գիտելիքով և ունակություններով` ի նպաստ Գորիսի համայնքի անվտանգ երթևեկության և ապահովության, և կզարգացնի քաղաքացիների, համայնքային իշխանությունների և ոստիկանության հետ համագործակցության իր կարողությունները, որպեսզի առաջարկի ապահովության միջոցառումների բարելավումներ` ծառայելով Գորիսի բնակիչներին:

Կազմակերպության անվանումը` «Բարի սիրտ» բարեգործական հիմնադրամ

Ծրագրի անվանումը` «Սպորտի ուժն առողջ ապրելակերպի խթանման գործում»

Ծրագրի նպատակը. բարձրացնել տեղական իշխանության և Գորիսի քաղաքացիների հետաքրքրությունը Գորիս համայնքի երիտասարդների առողջ ապրելակերպի և դրանց դրական ազդեցությունների նկատմամբ: 

Խնդիրը/ենթանպատակը. խթանել սպորտային ակտիվությունը` որպես Գորիսի և գյուղական բնակավայրերի 12-29 տարեկան բնակչության շրջանում առողջ կենսակերպ ու սովորույթներ զարգացնելու միջոց:

Նախատեսված գործողությունները. Գորիս համայնքը ներառում է Գորիս քաղաքն ու 10 գյուղեր: Գրեթե բոլոր համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները (ՀՈԱԿ-ները), որոնք սպորտային, մշակութային, արվեստի ոլորտի ծառայություններ են մատուցում քաղաքացիներին, գտնվում են Գորիս քաղաքում, ինչի հետևանքով այդ ծառայությունները մատչելի չեն գյուղական շրջանների բնակիչներին: ՏԻՄ-երի հիմնական գործառույթներից մեկը համայնքներում սպորտի խթանումն է համայնքային կազմակերպությունների միջոցով: Այս խնդիրը լուծելու և ինչ-որ կերպ սպորտային ծառայությունները գյուղական շրջանների բնակիչներին մատչելի դարձնելու համար ծրագրի թիմը կաջակցի սպորտային և համանման միջոցառումների անցկացմանը` ներգրավելով բնակչության երիտասարդ հատվածին Գորիս խոշորացված համայնքի 6 գյուղական բնակավայրերում (Գորիս, Ակներ, Խնձորեսկ, Վերիշեն, Քարահունջ, Հարթաշեն): Հատուկ կշեշտադրվի մասնակիցների, այդ թվում` Արցախից բռնի տեղահանված և այդ բնակավայրերում ապրող անձանց ներառման բաղադրիչը: Սպորտային միջոցառումների և մրցումների պլանը համատեղ ձևավորելու նպատակով թիմը հանդիպում կկազմակերպի տեղական իշխանությունների ներկայացուցիչների, համայնքի սպորտային կառույցների, առողջապահության ոլորտի մասնագետների, ուսուցիչների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների և քաղաքացիների հետ: Կկազմվի համայնքային սպորտային իրադարձությունների նախնական պլան: Մասնակից համայնքներին կհորդորենք տարբեր սպորտաձևերում մարզել առանձին թիմեր: Մարզումներից հետո տարբեր սպորտաձևերում  (վազք, ցատք և այլն) կկազմակերպվեն միջհամայնքային մրցաշարեր, մասնակից թիմերի երիտասարդներին ու դպրոցահասակ մասնակիցներին համախմբելով Գորիսում: Տեղական բիզնեսը, ՏԻՄ ներկայացուցիչները, հայտնի սպորտսմեններ և այլ կարևոր մարդիկ կհրավիրվեն մասնակցելու որպես մրցավարներ և տարբեր անվանակարգերի հովանավորներ: Ողջ գործընթացը կլուսաբանվի սոցիալական ցանցերով: Պիլոտային ծրագրի մեկնարկից և Գորիսի վարչական շրջաններում սպորտի հանրաճանաչության բարձրացումից հետո ծրագրի թիմը կմշակի և համայնքային իշխանություններին կներկայացնի այս մրցաշարն ամենամյա սպորտային իրադարձություն դարձնելու և անգամ համայնքային բյուջեից ֆինանսավորում հատկացնելու ծրագրային առաջարկ:

Ծրագրի շնորհիվ վեց գյուղական բնակավայրերում և Գորիս քաղաքում երիտասարդների և դեռահասների խմբերը կշփվեն մարզումների և մրցաշարերի միջոցով, սպորտային ու առողջ կենսակերպի սովորույթը կարմատանա` երիտասարդների շրջանում կոտրելով անտարբերության, անապահովության շղթան և վնասակար սովորությունները:

Կազմակերպության անվանումը` Հրայր Առուստամյան (նախաձեռնող խումբ)

Ծրագրի անվանումը` «Նոր տեխնոլոգիաների կիրառում գյուղատնտեսությունում»

Ծրագրի նպատակը. ոչ ֆորմալ կրթության միջոցով երիտասարդների շրջանում բարձրացնել գյուղատնտեսական ու ճարտարագիտական գործունեությամբ զբաղվելու մոտիվացիան:

Խնդիրը/ենթանպատակը. երիտասարդների շրջանում զարգացնել հմտություններ և գյուղատնտեսության ու ճարտարագիտության նկատմամբ հետաքրքրություն` ուսումնասիրելով և կիրառելով գյուղատնտեսության նոր տեխնոլոգիաներ:

Նախատեսված գործողությունները. Գորիսի համայնքի տեսլականի թեմայով 2023 թ. ապրիլին կազմակերպված միջոցառման ընթացքում խմբերից մեկը նշեց գյուղատնտեսությունն արդիականացնելու անհրաժեշտությունը` արդյունավետությունն ու արտադրողականությունը բարձրացնելու նպատակով: Նշված մեկ այլ մարտահրավեր էր այն հանգամանքը, որ երիտասարդ սերունդը` տնտեսության այլ ճյուղերի համեմատ այդքան էլ հետաքրքրված չէ գյուղատնտեսությամբ: Այս կարիքները հասցեագրելու նպատակով մի նախաձեռնող խումբ, որն ունի Արմաթ լաբ ծրագրերի փորձ, հանդես եկավ ճարտարագիտական հմտություններ ուսուցանելու և դրանք գյուղատնտեսական լուծումներ ստանալու համար կիրառելու առաջարկությամբ: Ծրագիրն առաջարկվել է ֆինանսավորման նաև ելնելով այն հանգամանքից, որ այն առաջարկում է մեկտեղել երկու թեմա` ճարտարագիտություն և գյուղատնտեսություն, որոնք երկուսն էլ կարևոր են երիտասարդների ապագա տնտեսական ակտիվության առումով: Ծրագրի թիմը համագործակցելու է Գորիսի գյուղատնտեսական քոլեջի հետ` գյուղատնտեսության ոլորտի մեկ-երկու ոլորտ առանձնացնելու համար, ձևավորելու է սովորողների երկու խումբ, որոնցից մեկը կստանա գյուղատնտեսության ոլորտի բազային գիտելիքներ, իսկ մյուսը` ճարտարագիտական նախագծման: Խմբերին հորդորելու ենք հրավիրել Արցախից բռնի տեղահանված և Գորիսի համայնքում բնակություն հաստատած անձանց (որոշակի տարիքային խմբից): Վերապատրաստման դասընթացների երկու շարք է անցկացվելու երկու թեմատիկ խմբերի համար: Այս խմբերը փոխգործակցելու են` կառուցելու մի սարք, որը կօգնի լուծել կոնկրետ գյուղատնտեսական խնդիր, օրինակ, հողի համաչափ պարարտացում կամ ոռոգում, անասունների կիթ կամ բանջարեղենի մաքրում մոլախոտերից և այլն): Արդյունքները հրապարակվելու են ամփոփոիչ միջոցառման ընթացքում, որին կմասնակցեն գյուղատնտեսներ, փորձագետներ, ՏԻՄ, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ և քաղաքացիներ:

Ծրագրի շնորհիվ Գորիսի տարբեր բնակավայրերից 30 երիտասարդներ կընդլայնեն իրենց բազային գիտելիքները գյուղատնտեսության և տեխնոլոգիաների թեմայով` մասնակցելով գործնական առաջադրանքների լուծմանն ու իրենց նվաճումները ցուցադրելով հանրությանը: Նախաձեռնող խումբը կխթանի տեղական գյուղատնտեսական քոլեջի, ճարտարագիտություն դասավանդողների ու ուսանողների միջև համագործակցությունը` ոչ ֆորմալ կրթական նախաձեռնության շրջանակներում:

Կազմակերպության անվանումը` Անահիտ Ամարյան (նախաձեռնող խումբ)

Ծրագրի անվանումը` «Համայնքային խնդիրները` երիտասարդների աչքերով»

Ծրագրի նպատակը. Ակների երիտասարդների սոցիալական ակտիվության բարձրացում` միջսերնդային համագործակցության միջոցով:

Խնդիրը/ենթանպատակը. ստեղծել գյուղի երիտասարդ ու մեծահասակ բնակչության համագործակցության մեխանիզմ:

Նախատեսված գործողությունները. Ակներ գյուղի բնակիչները (ինչպես մեծահասակներն, այնպես էլ երիտասարդները) ժամանցի հնարավորություն գրեթե չունեն` բացի գյուղի կենտրոնում հավաքվելը, որպես սոցիալական ժամանցի ձև: Մեծահասակների և երիտասարդների կյանքում դրական փոփոխություն բերելու համար Անահիտ Ամարյանի ղեկավարած տեղական նախաձեռնող խումբը հանդես եկավ երկու սերունդներին սոցիալական գործունեության շրջանակներում ներգրավելու գաղափարով: Ակներում կձևավորվի երիտասարդ ակտիվիստների խումբ, կքննարկի, թե որոնք են համայնքի առաջնահերթ խնդիրները, որոնք կարելի է հասցեագրել ծրագրի շրջանակներում: Ստեղծված խումբը կվերապատրաստվի սոցիալական թեմաներով տեսանյութեր պատրաստելու, հարցազրույցներ անցկացնելու, տարածված խնդիրների շուրջ ուշադրություն հրավիրելու թեմաներով: Թիմն այնուհետև սցենացներ կմշակի, հարցազրույցներ կանցկացնի տարեց քաղաքացիների հետ` Ակների սոցիալ-տնտեսական, մշակութային բնագավառներին բնորոշ ընդհանուր հարցերի վերաբերյալ: Երիտասարդների պատրաստած վերջնական տեսանյութերը կներկայացվեն տեղական բնակչությանը ծրագրի փակման արարողության ընթացքում: Ծրագրի արդյունքում կստեղծվի ակտիվ երիտասարդների խումբ, որի անդամները գործնականում կսովորեն, թե ինչպես քննարկել-վեր հանել խնդիրներ, կունենան մուլտիմեդիայի բազային հմտություններ, կլուծեն համայնքի ընդհանուր խնդիրները իրենց ուժերի շրջանակներում ու կսովորեն իրենց աշխատանքներում ներգրավել համայնքի տարբեր խմբերի:

Կազմակերպության անվանումը` Արմեն Իվանյան (նախաձեռնող խումբ)

Ծրագրի անվանումը` «Գորիսի զբոսաշրջային հնարավորությունների զարգացում»

Ծրագրի նպատակը. բարձրացնել Գորիս համայնքի գրավչությունը ներքին և արտաքին զբոսաշրջության համար:

Խնդիրը/ենթանպատակը. խթանել համայնք-բիզնես համագործակցությունն` ի նպաստ զբոսաշրջության ոլորտի զարգացման:

Նախատեսված գործողությունները. ծրագրի թիմը կազմակերպելու է չորս թեմատիկ քննարկումներ` զբոսաշրջության ոլորտի հիմնական մարտահրավերները, հնարավորություններն ու զարգացման հեռանկարները բացահայտելու նպատակով: Քննարկումները կազմակերպվելու են հետևյալ թեմաների շուրջ` 1) զբոսաշրջության վրա ազդող ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններ և մարտահրավերներ, 2) հյուրընկալության ոլորտի բարելավման հնարավորություններ և մարտահրավերներ, 3) սպասարկման ոլորտի հնարավորություններ և մարտահրավերներ, 4) Գորիսի գյուղական շրջանների ավանդական ուտեստների, խոհանոցի առանձնահատկությունները: Յուրաքանչյուր քննարկում անցկացնելու համար նախաձեռնող խումբը կներգրավի փորձագետներ, կհրավիրի համապատասխան ոլորտային ներկայացուցիչներ Գորիսի բոլոր վարչական շրջաններից: Ոլորտային քննարկումներից յուրաքանչյուրի վերաբերյալ կկազմվեն համառոտ զեկույցներ` նշելով հիմնական մարտահրավերներն ու առաջարկությունները` այսպիսով ձևավորելով Գորիսի համայնքում զբոսաշրջության զարգացման համատեղ մոտեցում: Զեկույցում կընդգծվեն զբոսաշրջության զարգացման առկա ներուժը, հեռանկարներն ու մարտահրավերները, որոնք տարբեր կառույցներ կարող են լուծել: Վերջնական զեկույցը կներկայացվի մասնավոր հատվածին, տուր օպերատորներին, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներին, ՔՀԿ-ներին ու ՏԻՄ-ին` դրանք ապագա ռազմավարական փաստաթղթերում և ծրագրերում ընդգրկելու համար: Ծրագրի շնորհիվ Գորիս համայնքի տարբեր ոլորտների ներկայացուցիչները կհամագործակցեն, ընդհանուր մոտեցում կձևավորեն Գորիս համայնքի տնտեսության կարևոր ճյուղերից մեկի` զբոսաշրջության և հարակից ենթակառուցվածքների նկատմամբ:

Կազմակերպության անվանումը` «Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոն» ՀԿ

Ծրագրի անվանումը` «Գյուղական հյուրատներ»

Ծրագրի նպատակը. Գորիսի գյուղական բնակավայրերում ստեղծել սոցիալ-տնտեսական գործունեության հնարավորություններ` գյուղական զբոսաշրջության ենթակառուցվածքները բարելավելու միջոցով:

Խնդիրը/ենթանպատակը. զարգացնել տեղաբնակների` Գորիսի գյուղական բնակավայրերում հյուրատներ հիմնելու և առաջխաղացման կարողությունները:

Նախատեսված գործողությունները. Գորիսի խոշորացված համայնքի բնակիչների հետ քննարկումներում, այդ թվում` Գորիսի տեսլականի քննարկման ընթացքում բարձրացվել է վարչական շրջանների միջև ռեսուրսների անհավասարակշիռ տեղաբաշխման հարցը կամ այն, որ ռեսուրսների մեծ մասը (ժամանցային, տնտեսական կրթական և այլն) կուտակվում է Գորիս քաղաքում: Գորիսի տեսլականի քննարկման ընթացքում հիշատակվել է, որ շատ արկածային զբոսաշրջիկներ անցնում են իրենց գյուղերով և տեսարժան վայրերով, և չնայած շատ տներում ազատ սենյակներ կան, զբոսաշրջիկները հյուրանոցներ են վարձում Գորիս քաղաքում: Տեղաբնակները չունեն իրենց տներն` այցելուներ ընդունելու համար օգտագործելու տարրական հմտություններ: Այսպիսով, ծրագրով փորձ կարվի աջակցել գյուղական բնակավայրերի բնակիչներին, որպեսզի նրանք հասկանան հյուրընկալման ծառայությունների հիմունքներն ու որոշեն, թե արդյոք կարող են ռեսուրսներ հատկացնել ու զարգացնել տեղական սենյակ ու կացարան տրամադրելու հնարավորությունները:

Ծրագրի թիմը հանդիպումներ կանցկացնի/այցեր կկատարի 5 գյուղեր, տեղեկություններ կտարածի պոտենցիալ հյուրատների համար ծրագրի ընձեռած հնարավորությունների մասին: Թիմը նաև տեղեկություններ կհավաքի անհրաժեշտ բազային կարողությունների և հյուրատների ենթակառուցվածքների զարգացման հեռանկարների վերաբերյալ: Այս տեղեկությունների հիման վրա թիմը կսահմանի կարողությունների զարգացման վերապատրաստման շրջանակը 3 հիմնական ուղղություններով` սպասարկման ոլորտ, հաղորդակցություններ և մարքեթինգ: Վերապատրաստման թեմաները նախնական են և կհստակեցվեն փորձառու վերապատրաստողների օգնությամբ` ելնելով հավաքագրված մասնակիցների կարիքներից և այդ համայնքների ներուժից: Վերապատրաստման մասնակիցներն ընտրվելու են այցելած հինգ համայնքներից: Մասնակիցներն ընտրվելու են ելնելով կոնկրետ բնակավայրի` այցելուներ ընդունելու հնարավորությունից, պոտենցիալ հյուրատան գտնվելու վայրից ու հարմարություններից, ինչպես նաև սեփականատերերի` «գիշերակաց և նախաճաշ» (B&B) տեսակի ծառայություններ տրամադրելու ցանկությունից: Վերապատրաստման դասընթացի ավարտից հետո ամենախոստումնալից հյուրատների սեփականատերերին օգնություն կառաջարկվի բիզնեսի օնլայն էջ ստեղծելու հարցում` ի լրումն պոտենցիալ հաճախորդների/հյուրերի համար սննդի մենյուի նմուշների տպագրության: Ծրագրի թիմը կաջակցի նրանց օբյեկտները զբոսաշրջային ցանցերում գրանցելու հարցում` բիզնես հնարավորություններն ընդլայնելու նպատակով: Վերապատրաստումները կմոտիվացնեն հյուրատների սեփականատերերին` ներդնել B&B ծառայություններ: Ծրագրի արդյունքը կլինի գյուղական շրջաններում լրացուցիչ եկամտի հնարավորությունների բացահայտումն ու ստեղծումը և, այսպիով, համայնքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը:

Կազմակերպության անվանումը` «Գորիսի երիտասարդական կենտրոն» ՀԿ

Ծրագրի անվանումը` «Աջակցություն համայնքային դիմակայունության բարձրացմանը` համագործակցության և ուսուցման միջոցով»

Ծրագրի նպատակը. Ամրապնդել Գորիսի երիտասարդների դիմակայունությունը` ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար:

Խնդիրը/ենթանպատակը. Գորիս խոշորացված համայնքի 6 վարչական շրջանների դպրոցական երեխաների ու երիտասարդների կարողությունների զարգացում` դիմակայունության բարձրացման թեմայով ոչ ֆորմալ կրթական մեթոդների միջոցով:

Նախատեսված գործողությունները. Ծրագիրը կսկսվի համայնքապետարանի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, համայնքային կազմակերպությունների և դպրոցների հետ քննարկումներով` վերապատրաստումների շրջանակը որոշելու նպատակով: Քննարկումների ընթացքում ծրագրի թիմը կքննարկի, թե Գորիս համայնքում ինչ հնարավոր բնական և մարդածին աղետներ կարող են տեղ գտնել, համայնքային դիմակայունության ինչ միջոցառումներ են սահմանված տեղական ինքնակառավարման մարմնի պլաններում և թե երիտասարդներն ու դպրոցներն ինչպես կարող են նախապատրաստվել, արձագանքել և/կամ հաղթահարել ճգնաժամային իրավիճակները: Թիմը ներգրավելու է փորձառու վերապատրաստողների, որոնք կմշակեն վերապատրաստման ծրագիրը` ելնելով նախանշված առաջնահերթություններից: Այդ առաջնահերթություններից են երկրաշարժերը, համավարակները, պատերազմները և այլն: Մոտավորապես 50 դպրոցական տարրական գիտելիքներ կստանա համայնքային դիմակայունության և վարքագծային կանոնների, այդ թվում` տարատեսակ ֆորս մաժորային իրավիճակներում և աղետների դեպքում առաջին օգնության վերաբերյալ: Գործնական դասընթացի ավարտից հետո ծրագրի թիմը կկազմակերպի ամփոփիչ միջոցառում, որի ընթացքում դասընթացի մասնակիցները վիկտորինաների և խաղերի միջոցով կցուցադրեն իրենց գիտելիքներն ու հմտությունները: Ծրագիրը կնպաստի տարրական հմտությունների զարգացմանը և տարատեսակ ճգնաժամային իրավիճակներն ու աղետները կառավարելու և արձագանելու համայնքային հնարավորությունների իմացությանը:

Կազմակերպության անվանումը` «Համագործակցության կամար» ՀԿ

 Ծրագրի անվանումը` «Տարեցների ցերեկային խնամքի կենտրոն»

Ծրագրի նպատակը. նպաստել խոցելի խմբում ներառված տարեցների սոցիալական բարեկեցությանը:

Խնդիրը/ենթանպատակը. զարգացնել Տարեցների սոցիալական աջակցության կենտրոնի կարողություններն ու մարդկային ռեսուրսները` լրացուցիչ ծառայություններ տրամադրելու նպատակով, օրինակ` առողջական վիճակի մշտադիտարկում և սոցիալական ներգրավվածություն Գորիս համայնքի խոցելի բնակչության լայն խմբերի համար:

Նախատեսված գործողությունները. ծրագրի թիմը վարում է տարեցների սոցիալական աջակցության կենտրոնի աշխատանքները, որը կոնկրետ ծառայություններ է տրամադրում մոտավորապես 50-60 տարեց բնակիչների` տրամադրելով սնունդ և բազային խնամք: Այս ծրագիրը կօգնի մի շարք նոր ծառայություններ մշակել մինչև 70-90 շահառուների համար, այդ թվում` Արցախից տեղահանված և Գորիսում բնակվող անձանց համար: Կենտրոնի աշխատակիցները Վերապատրաստողների վերապատրաստման դասընթաց կանցնեն` աշխատանքները պլանավորելու և իրականացնելու իրենց կարողությունները բարելավելու նպատակով` կենտրոնանալով ծառայությունների նոր կատեգորիաների վրա: Մի շարք նոր ծառայություններ կփորձարկվեն շահառուների համար, այդ թվում` կանոնավոր խորհրդակցություններ բուժաշխատողների հետ, ավելի մեծ ֆիզիկական ակտիվություն, հոգեբանական խորհրդատվություն, այցելություններ տեսարժան վայրեր, մասնակցություն տարբեր մշակութային իրադարձությունների, բազային տեխնիկական հմտություններ, օրինակ` ինչպես օգտվել սմարթֆոնից, տեսազանգեր կատարել, ինտերնետում որոնել անհրաժեշտ տեղեկությունները, օգտվել սոցիալական ցանցերից և այլն: Ծրագրի աշխատակիցները համագործակցելու են սոցիալական միասնական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնի և մասնավոր ընկերությունների հետ` խոցելի քաղաքացիների համար լրացուցիչ ծառայությունների ստեղծման համար լրացուցիչ աջակցություն ներգրավելու նպատակով: Ծրագրի թիմը հատուկ կարևորելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գորիս համայնքում բնակություն հաստատած անձանց հավաքագրումն ու նրանց ծառայությունների տրամադրումը:

Ծրագրի շնորհիվ ՔՀԿ-ն նաև կզարգացնի սոցիալապես և ֆիզիկապես ամենախոցելի խմբերի` Գորիս համայնքի տարեց բնակչության համար ծառայությունների  նոր սպեկտր մշակելու և տրամադրելու իր կարողությունները:

Կազմակերպության անվանումը` «Սյունիքի հայագիտական կենտրոն» ՀԿ

Ծրագրի անվանումը` «Գիտելիքը և պրակտիկան` մշակութային արժեքներ»

Ծրագրի նպատակը. խթանել Գորիս համայնքի ոչ նյութական մշակութային արժեքների պահպանումն ու օգտագործումը:          

Խնդիրը/ենթանպատակը. ուսումնասիրել ու վերաիմաստավորել Գորիս խոշորացված համայնքի ոչ նյութական մշակութային արժեքների օգտագործումը` ակտիվ երիտասարդական խմբերի ներգրավմամբ:

Նախատեսված գործողությունները. ծրագիրը կսկսվի Գորիսի պետական համալսարանի ակտիվ ուսանողների հավաքագրմամբ: Նրանք վերապատրաստում կանցնեն բանավոր պատմությունների հավաքագրման մեթոդաբանության թեմայով, կբաժանվեն խմբերի և պատմություններ կհավաքեն Գորիսի տարբեր բնակավայրերից: Լավագույն պատմությունները կվերլուծվեն ու կխմբագրվեն` հետագայում հրապարակման նպատակով: Կհրավիրվի փորձագետ, որը մեկ քննարկում կանցկացնի բանավոր պատմություններում ներկայացվող սոցիալական նորմերի և արժեքների, կրթական գործընթացներում այդ բանավոր պատմությունների կիրառման եղանակների մասին: Քննարկմանը կհրավիրվեն մինչև 30 մասնակիցներ: Նրանց շարքում կլինեն ուսուցիչներ, ուսանողներ, գրադարանավարներ, պատմաբաններ, թանգարանների աշխատակիցներ և կրթական գործընթացում ներգրավված այլ անձինք: Լավագույն պատմությունները կհրապարակվեն www.sarc.am կայքում: Ծրագրի շնորհիվ ուսանողների կողմից կհավաքվի ու կպահպանվի Գորիսի ոչ նյութական մշակութային ժառանգությունը և կխթանվի համագործակցության մշակույթը Գորիսի պետական համալսարանի, գրադարանների, թանգարանների, ուսանողների և համայնքային այլ կառույցների միջև, ինչպես նաև կզարգանա քննական մտածողությունը սոցիալական նորմերի և ավանդույթների վերաբերյալ:

Կազմակերպության անվանումը` «Կրթություն և գործունեություն» սոցիալ-բարեգործական կրթական-մշակութային ՀԿ

Ծրագրի անվանումը` «Ուսուցիչների աջակցության լաբորատորիա»

Ծրագրի նպատակը. բարելավել կրթության ոլորտում ուսուցման գործընթացների որակը Գորիս համայնքում:

Խնդիրը/ենթանպատակը. Գորիսում ստեղծել ուսումնաօժանդակ լաբորատորիա, զարգացնել մանկավարժների` ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու կարողությունները:

Նախատեսված գործողությունները. ծրագիրը կսկսվի դպրոցների, նախակրթարանների և Գորիսի համայնքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչների հետ քննարկմամբ: Քննարկման առանցքը կլինեն կրթության ոլորտի հիմնական առաջնահերթությունները և քննարկումը հիմք կծառայի վերապատրաստման մոդուլի մշակման համար, որը կլրացնի դպրոցի ուսուցիչների կարողությունների բացը: Մոդուլները ներառելու են, սակայն չեն սահմանափակվելու հետևալ թեմաներով. 1) տեխնոլոգիաների կիրառումը կրթության գործընթացում, 2) նախագծային ուսուցումը որպես սովորողների քննական մտածողությունը զարգացնող մեթոդ:  Վերապատրաստման երկու (12 ժամ/2 պարապմունք) դասընթաց է անցկացվելու փորձագետների օգնությամբ, յուրաքանչյուր դասընթացին մասնակցելու է 20 ուսուցիչ (ընդամենը 40 ուսուցիչ): Վերապատրաստման մոդուլների փորձարկումից հետո լաբորատորիան կմշակի գործառնական ընթացակարգեր` սահմանելով լաբորատորիայի կառավարման կանոնակարգը և ծառայությունների շրջանակը, փորձագետների տվյալների բազան և այլն: Լաբորատորիան կստեղծվի իրականացնող կազմակերպության կողմից, իսկ տեղացի և հրավիրյալ տարբեր փորձագետներ կհրավիրվեն պարբերաբար` կոնկրետ թեմաներով վերապատրաստումներ անցկացնելու համար: Վերապատրաստումների շրջանակը կարող է ներառել փոխհատվող թեմաներ, օրինակ` խտրականության բացառում, ներառականություն, բուլինգի հասկացությունը, կարծրատիպեր, մեդիա գրագիտություն, գենդերային հավասարության և այլն, որոնք կարևոր է, որ ինտեգրվեն դպրոցների կրթական գործընթացում: Ծրագրի շնորհիվ Գորիս համայնքում կզարգանան,  կրթական գործընթացները լրացնող փորձագիտական կարողությունները, կբարելավվի ուսուցման որակը, աշակերտների ուսումնառության գործընթացը կլավարկվի տեսողական նյութերի, տեխնոլոգիաների կիրառման, նախագծային առաջադրանքների ու աշխատանքների միջոցով:

Կազմակերպության անվանումը` «Սոսե» կանանց ՀԿ

Ծրագրի անվանումը`  «Կարծրատիպերի հաղթահարում»

Ծրագրի նպատակը. նպաստել կանանց խնդիրների և կարծրատիպերի վերաբերյալ հասարակության վերաբերմունքի փոփոխմանը:  

Խնդիրը/ենթանպատակը.  նպաստել գենդերային կարծրատիպերի փոփոխությանը` կանանց հաջողության պատմություններն ընդգծելու միջոցով:

Նախատեսված գործողությունները. ծրագրի թիմը կառանձնացնի Գորիսում փոփոխություն բերած կանանց 5 պատմություններ, այդ թվում այն կանանց, որոնք հաջողությամբ հաղթահարել են ճգնաժամային իրավիճակներ: Այդ 5 պատմությունները կնկարահանվեն ու կմոնտաժվեն, այնուհետև կտարածվեն առցանց հարթակներով և լրատվամիջոցներով: Մշակված նյութերի հիման վրա կկազմակերպվի ֆորում, որտեղ կցուցադրվեն, կքննարկվեն ֆիլմերը` վեր հանելով ներկայիս մարտահրավերներն ու կարծրատիպերը, որոնք շարունակական ուշադրության և աշխատանքի կարիք ունեն, որպեսզի կանայք հզորանան ու ճանաչվեն որպես հասարակությունում դեր ունեցողներ: Ֆորումի արդյունքների հիման վրա կմշակվեն և Գորիսի համայնքային իշխանություններին կներկայացվեն առաջարկություններ և միջոցառումներ` համայնքում և, մասնավորապես, ճգնաժամերի կառավարման իրավիճակներում կանանց դերի բարձրացման ուղղությամբ:

Կազմակերպության անվանումը` Սյունիքի գիտամշակութային զարգացման հիմնադրամ

Ծրագրի անվանումը`  «Շրջիկ թանգարաններ»

Ծրագրի նպատակը. նպաստել այլընտրանքային կրթական թանգարանի ձևավորմանը, թանգարան-դպրոց կապերի ամրապնդմանն ու շարունակական զարգացմանը, մշակութային կյանքի բազմազանությանն ու ակտիվացմանը համայնքներում` «Շրջիկ թանգարաններ» նորարարական-փոխգործուն կրթական նախաձեռնության միջոցով:

Խնդիրը/ենթանպատակը.  մշակել «շարժական թանգարան» նորարարական կրթական մոդելը և բարձրացնել թանգարանային մշակույթի վերաբերյալ իրազեկվածությունը:  

Նախատեսված գործողությունները. ծրագրի թիմը քննարկում է կազմակերպելու կրթության ոլորտի Գորիսում գտնվող բոլոր 4 թանգարանների  (Ակսել Բակունցi, Սերո Խանզադյանի տուն-թանգարաններ, Երկրաբանության և պատմության թանգարաններ) և որոշ դպրոցների ներկայացուցիչների հետ` ծրագրում թանգարանների ներգրավման և ծրագրում ընդգրկվող թանգարանային նմուշների ցանկը քննարկելու նպատակով: Գաղափարը «Շրջիկ թանգարան» նորարարական կրթական մոդելի մշակումն է, որը թույլ կտա այլընտրանքային եղանակով կիրառել տեղական թանգարանները: Նրանք խաղեր և վիկտորինաներ կկազմեն իրենց թանգարանի թեմաներով` լրացնելու ֆորմալ կրթության պրոցեսը: Դա կբարձրացնի թանգարանների ճանաչելիությունը, ինչպես նաև թանգարանների և դպրոցների համագործակցության միջոցով, կբարձրացնի թանգարանների կիրառականությունը: Սա ընդհանուր առմամբ դրական կանդրադառնա այն դպրոցականների վրա, որոնք չունեն Գորիս քաղաքում թանգարան այցելելու հնարավորություն: Ծրագրի թիմը կմշակի առաջին նորարարական դասընթացի կառուցվածքը: Դա կներառի թանգարանային նմուշների վերաբերյալ խաղերի ու վիկտորինաների մշակում, որը կխթանի դպրոցահասակների շրջանում ստեղծականությունը և թանգարանների նկատմամբ հետաքրքրությունը: Ծրագրի թիմը պայմանավորվածություններ ձեռք կբերի Գորիս համայնքի գյուղական բնակավայրերի 10 դպրոցների հետ` այցելությունների ժամանակացույցը կազմելու համար: Կկազմվի 3-4 ժամանոց հանդիպումների օրակարգ: Շարժական թանգարանները կայցելեն դպրոցներ և համայնքային կենտրոններ, կանցկացնեն պարապմունքներ` առնվազն 200 (ընդհանուր թվով) դպրոցականների և բնակիչների համար: Ծրագրի արդյունքում դպրոցների և թանգարանների միջև կձևավորվի համագործակցության մոդել, կբարելավվի սահմանամերձ գյուղերի դպրոցականների կրթական և մշակութային կյանքը` հաշվի առնելով Գորիս համայնքի գյուղական շրջաններում մշակութային և ոչ ֆորմալ կրթական հնարավորությունների պակասը: Չորս թանգարանների ներկայացուցիչները կսովորեն և կկիրառեն նոր մոտեցում և մեթոդ` թանգարանային մշակույթը` հատկապես գյուղական շրջաններում տարածելու համար: Սա կդառնա նաև օրինակ այլ թանգարանների կողմից մատուցվող նոր ծառայություններ ստեղծելու համար:

USAID Goris Press Club EPF Logos
Սույն ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ»-ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։