Հաղորդակցությունը սոցիալական հարթակներում

Կարևորելով սոցիալական հարթակներում ճիշտ և գրագետ հաղորդակցությունը՝ Youth Hub-ում «Երիտասարդները՝ համայնքի զարգացման ակտիվ դերակատարներ» ծրագրի շրջանակներում այս անգամ հյուրընկալել էինք Սերգեյ Ավանեսյանին, ով երիտասարդներին ներկայացրեց սոցիալական հարթակներում հաղորդակցության, ճիշտ խոսք կառուցելու, մանիպուլացիաներից խուսափելու կարևորության մասին։

Բանախոսն առանձին ուշադրություն դարձրեց սոցիալական հարթակներում պաշտոնական, բիզնես կամ տեղեկատվական այլ էջեր ունենալու դեպքում բովանդակության ճիշտ կառուցման՝ տեղեկատվության ամբողջականության, ձևավորման, ոճի, վերնագրման, ինչպես նաև սոցիալական հարթակներում էջերի գործիքակազմի կիրառության ու վարման մասին։

Մասնակիցները հետաքրքրվեցին նաև սոցիալական հարթակների էջերի անվտանգության մասին։ Քննարկման թեմա դարձան նաև համացանցում որակյալ և բովանդակային լուսանկարների տարածմանը վերաբերող հարցերը։

«Երիտասարդները՝ համայնքի զարգացման ակտիվ դերակատարներ» ծրագիրն իրականացվում է «Գորիսի մամուլի ակումբ»ՀԿ-ի կողմից` «ԵՄ-ն հանուն երկխոսության. աջակցություն Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների փոխակերպմանը (Բաղադրիչ 2)» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։