«Արդյունավետ հաղորդակցություն և ներկայացման հմտություններ» թեմայով դասընթաց Youth Hub-ում
«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի Youth Hub սրահում «Երիտասարդները՝ համայնքի զարգացման ակտիվ դերակատարներ» ծրագրի շրջանակում երիտասարդները ծանոթացան արդյունավետ հաղորդակցման և ներկայացման հմտություններին, ոչ խոսքային հաղորդակցմանը։ Youth Hub-ի հյուրն էր՝ անդրագոգ, թրեյներ Վարուժան Ավանեսյանը, ով 30 տարվա հանրային խոսքի և հաղորդակցման հմտությունների ներկայացման վարպետության վերապատրաստման փորձառություն ունի։
Դասընթացը սկսվեց հետաքրքիր գործնական աշխատանքով, մասնակիցները ներկայացրեցին իրենք իրենց՝ ի՞նչն է իրենց մոտիվացնում, ի՞նչ ոլորտում են հանդես գալիս, ինչպե՞ս են ներկայանում և այլն։ Փորձագետը յուրաքանչյուր մասնակցի օրինակով նշեց բացթողումները, առավել ներկայանելի լինելու, ասելիքը հասցեական, հակիրճ և կոնկրետ ներկայացնելու համար խորհրդատվություն տրամադրեց։
Մասնակիցները շեշտեցին, որ այդ թեմայով դասընթացի նախկինում երբևէ չեն մասնակցել, և կարծում են, որ այն շատ օգտակար էր։ Նրանք նշեցին, որ երբևէ ուշադրություն չեն դարձնում արտահայտման ձևին, ինչը, սակայն ըստ դասընթացում ձեռք բերած գիտելինքերի, կարող է որոշիչ լինել հաջողության հասնելու համար։
«Երիտասարդները՝ համայնքի զարգացման ակտիվ դերակատարներ» ծրագիրն իրականացվում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի կողմից` «ԵՄ-ն հանուն երկխոսության. աջակցություն Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների փոխակերպմանը (Բաղադրիչ 2)» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։