Զբոսաշրջության ռազմավարությունն էական ազդեցություն կարող է ունենալ Գորիս համայնքի տնտեսության զարգացման գործում
«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ, հիմք ընդունելով Գորիս համայնքի զարգացման հնգամյա ռազմավարական պլանը (2022-2027թթ․), մասնավորապես, տուրիզմի զարգացման ուղղությամբ սոցիալ-տնտեսական գերակայությունները, Գորիս քաղաքի ելակետային պլանը (COMUS ծրագիր) և դրա միջոցով վեր հանված խնդիրները և առաջարկվող լուծումները, քննարկվեց Գորիս համայնքում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող բնապահպանական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջնահերթությունները, իրականացվելիք գործողությունները և ընդհանուր տեսլականը զբոսաշրջության զարգացման գործում։
Ըստ համայնքի ընթացիկ ռազմավարական զարգացման պլանի, զբոսաշրջության դանդաղ զարգացման առաջնահերթ պատճառները մարդկային ռեսուրսներն են, մասնավորապես, զբոսաշրջավարների, սպասարկման ոլորտի նեղ մասնագետների պակասը, տեղական բրենդների մշակման ռազմավարության բացակայությունը, զբոսաշրջային ենթակառուցվածքների հանրահռչակման պասիվությունը և այլն։ Նշված խնդիրների հետ միասին քննարկման մասնակիցները նշեցին հատկապես Վարարակն գետի աղտոտվածության խնդիրը, այդ հարցում շեշտադրելով բնակչության շրջանում բնապահպանական իրազեկման կարևորությունը։ Մտահոգություն հնչեց դպրոցականնների շրջանում էկոկրթության ցածր մակարդակի համար։
Անշուշտ, տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման հիմնական խոչընդոտը անվտանգության ապահովումն է, սակայն, ինչպես խոսվեց հանդիպման ընթացքում, տնտեսության զարգացումը ևս կարող է նպաստել անվտանգ միջավայրի ապահովմանը։
Փորձագետ Արթուր Գրիգորյանն անդրադարձավ ՀՀ կառավարության 2013թ հունվարի 13-ի որոշմանը , որն ուղղված է Գորիս քաղաքի զբոսաշրջության զարգացմանը, ասելով, որ այն ընթացքի մեջ է, և այդ առումով տեղական և միջազգային ռեսուրսները կարող են ուղղվել զբոսաշրջության զարգացմանը։
Առաջարկություն հնչեց զբոսաշրջային ռեսուրսներ ունեցող համայնքում զբոսաշրջային հարկի ներդրման մասին։ Նշվեց, որ նախորդ տարիներին «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն այդ ուղղությամբ քննարկումներ էր կազմակերպել զբոսաշրջային ընկերությունների և տեղական իշխանությունների հետ, սակայն Արցախյան պատերազմի պատճառով առաջնահերթությունները փոխվեցին, և ըստ էության , այն անհրաժեշտ է կրկին օրակարգային դարձնել։
Քննարկման ընթացքում նշվեց, որ վերջին տարիներին էականորեն բարելավվել է համայնքի տարածքում աղբահանության, սանիտարական մաքրության կազմակերպման գործընթացը, այնուամենայնիվ, բացակայում է հաղորդակցությունը՝ սպասարկող կազմակերպության, տնտեսվարողների և բնակչության միջև, և սոցիական պատասխանատվությունն այս առումով ցածր է։ Բանավեճի առարկա դարձավ համայնքում կանաչապատման հարցը։
Նշվեց, որ զբոսաշրջային այլ քաղաքների համեմատությամբ, Գորիսը կանաչապատման առումով զիջում է, և այդ հարցում հատկապես զբոսաշրջային ոլորտի տնտեսվարողները պատրաստակություն հայտնեցին աջակցել ծառատունկերի կազմակերպմանը. խնդիրը, ըստ ելույթ ունեցողների, կապված է քաղաքի՝ արդեն իսկ բարեկարգված փողոցներում ծառերի տնկման համար անհրաժեշտ փոսերի փորման հետ, որի դեպքում ստիպված կլինեն քանդել մայթերի որոշ հատվածներ։
Քննարկման մասնակիցները մտահոգություն հայտնեցին նաև համայնքի, հատկապես Գորիս քաղաքի մայթերի՝ ցուցափեղկերով, չշահագործվող տրանսպորտային կամ երկարաժամկետ կայանված մեքենաներով, շինարարական աղբերով «զավթած» լինելու համար։
Ամփոփելով քննարկման արդյունքերը, նշվեց, որ համայնքում զբոսաշրջության զարգացմանը կարող են էականորեն նպաստել նաև մի շարք նախաձեռնություններ, ինչպես, օրինակ, ձմռան ամիսներին լեռնադահուկային սպորտի ներդրումը, ավանդական պարբերական փառատոնների, համերգների կազմակերպումը, պետական մակարդակով մշակութային միջոցառումները անցկացումը, Տաթև-Գորիս ճանապարհի բարեկարգումը, Գորիսի ուղղություն ցույց տվող ցուցանակների տեղադրումը, «Տաթևեր» ճոպանուղու տոմսով անվճար ծառայությունների տրամադրում Գորիսում (օր.`մեկ գիշեր հյուրանոցում) կամ հակառակը, ավանդական մշակաբույսերի, կենցաղային սովորույթների հանրահռչակումը, տեղական տուրօպերատորի ինստիտուտի ձևավորումը, զբոսաշրջության ոլորտի աշխատակիցների կարողությունների զարգացումը և այլն։
Հատկապես կարևորվեց Գորիս համայնքում զբոսաշրջության զարգացման ռազմավարության մշակումը։
***
Սույն քննարկումը հնարավոր է դարձել իրականացնել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ»-ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։