«Մեդիադատ»՝ երբ դատարանը վերածվում է քննադատական մտածողության բեմի
«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն դեռևս 2024 թվականի դեկտեմբերից մեկնարկած «Մեդիադատ» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Արդյո՞ք արհեստական բանականությունը կարող է ապատեղեկատվություն տարածել» թեմայով մեդիադատ խաղ-քննարկում։
Այս անգամ մեղադրյալի աթոռին էր Արհեստական Բանականությունը։ Երիտասարդները, ուսանողները, ՀԿ-ների ու կրթական հաստատությունների ներկայացուցիչները երկու ժամ անցկացրեցին խորհրդանշական դատարանում, որտեղ քննարկվեց, թե արդյոք Արհեստական Բանականությունը կարող է լինել ապատեղեկատվության աղբյուր, և ինչպես է հնարավոր դիմագրավել ապատեղեկատվությանը։
Դատավորի վճիռը պարզ էր․ Արհեստական Բանականությունը մեղավոր չէ, բայց նաև անմեղ չէ, քանի որ այն գործիք է, որը կարող է լինել ինչպես օգնական՝ արագ տեղեկատվություն ստանալու համար, այնպես էլ՝ մանիպուլյացիայի տարածման միջոց։ Իսկ պատասխանատվությունը՝ մնում է հենց մարդկանց՝ ստեղծողների, օգտագործողների ու հասարակության ուսերին։
Խաղի ավարտին մասնակիցները քննարկեցին իրենց տպավորությունները, ներկայացրեցին իրենց տեսակետները, առաջարկեցին մեխանիզմներ ապատեղեկատվության դեմ պայքարի համար և կարևորեցին մեդիագրագիտության զարգացումը՝ որպես մեր ժամանակի ամենաանհրաժեշտ կարողություններից մեկը։
«Մեդիադատ»-ը ոչ միայն կրթական խաղ էր, այլ իրական հնարավորություն՝ մտածելու, բանավիճելու, ստեղծագործելու և գիտակցելու՝ ինչպես ենք մենք բոլորս պատասխանատու տեղեկատվական դաշտի որակի համար։
——–
«Մեդիադատ» ծրագիրն իրականացվում է «STRIVE» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium) ՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների․ «Ագաթ» հաշմանդամություն ունեցողկանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ: