«Տո՛ւս եկ մըրթամեջ» սոցիալ- նորարարական  ճամբարին  մասնակցելու հնարավորություն

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ–ն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ  «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում հրավիրում է 16-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Տո՛ւս եկ մըրթամեջ» սոցիալ-նորարարական ճամբարին։

Մենք փնտրում ենք նորարար և ստեղծագործ մտածողությամբ երիտասարդների, ովքեր պատրաստ են իրականացնել տարբեր նախաձեռնություններ՝ սեփական ուժերով իրենց համայնքի կյանքում փոփոխություններ կատարելու և մասնակից լինելու Գորիս համայնքի զարգացմանը, խթանելու միջոլորտային համագործակցությունը՝ օգտագործելով համայնքի ռեսուրսները։
Եռօրյա ճամբարի ընթացքում երիտասարդները հնարավորություն կունենան քննարկելու համայնքում առկա խնդիրները, ծանոթանալու համայնքի քարտեզագրված ռեսուրսներին և համատեղ առաջարկելու լուծումներ։

Մասնակցության կարգը

«Տո՛ւս եկ մըրթամեջ»  սոցիալ-նորարարական ճամբարին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է հուլիսի 20–ը։

Մասնակցության պայմանները

2024 թվականի օգոստոսի 10-12-ը կիրականացվի «Տո՛ւս եկ մըրթամեջ» սոցիալ-նորարարական եռօրյա ճամբարը, որտեղ Գորիս խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերից հրավիրված մասնակիցները տեղում կմշակեն գաղափարներ՝ ստեղծագործական մոտեցում ցուցաբերելով համայնքային խնդիրների լուծման ուղիների նկատմամբ և կաշխատեն փորձագետների հետ այդ գաղափարները նորարարական ծրագրեր դարձնելու շուրջ։  
Ճամբարի վերջին օրը մշակված ծրագրերը կներկայացվեն ժյուրիի անդամներին։ Քննարկման արդյունքում ժյուրիի կողմից ընտրված լավագույն ծրագրերը կֆինանսավորվեն, և հաղթող թիմերի մասնակցիները հնարավորություն կստանան իրենց մշակած սոցիալ-նորարարական գաղափարներն իրագործել Գորիս համայնքում։  
Խնդրում ենք հաշվի առնել, որ ֆինանսավորում ստացած ծրագրերի իրականացման գործընթացում պետք է ներգրավված լինեն հաղթող թիմերի մասնակիցները։ Ծրագրերն իրականացվելու են  «Տո՛ւս եկ մըրթամեջ» սոցիալ-նորարարության ճամբարին հաջորդող 5-6 ամիսների ընթացքում։

Մասնակցությունը ճամբարին անվճար է, մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն։ Դասընթացի տևողությունը  երեք աշխատանքային օր է: Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է:


Հարցեր ունենալու դեպքում կարող եք դիմել Աննա Սահակյանին՝ գրելով  [email protected] էլ․հասցեին կամ զանգահարելով +37498 99 07 31 հեռախոսահամարին։

***
Սույն ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ»-ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։